Հայաստանի եւ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների միջեւ լավ հարաբերություններ են ձեւավորվել; Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԻՆ արտաքին գործունեության վարչության տնօրեն Յուրի Բրաժնիկովը:

«Ռուսաստանի ԱԻՆ-ն անում է ամեն ինչ Հայաստանի ԱԻՆ զարգացման համար, եւ ողջ նախկին փորձը վկայում է այդ մասին»,- նշել է Բրաժնիկովը` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում հայկական կողմը եւս պատրաստ է օգնության հասնել ռուս գործընկերներին: Որպես օրինակ նա ներկայացրել է 2010թ. ՌԴ-ում հրդեհների մարմանը հայ փրկարարների մասնակցությունը:

«հայաստանը ԱՊՀ այլ երկրների հետ օգնություն ցուցաբերեց, ընդ որում` բավական օպերատիվ: Դա լուրջ ավանդ է»,- նկատել է Յուրի Բրաժնիկովը:

Պատասխանելով հարցին, թե ինչ է ենթադրում հայ-ռուսական տարածաշրջանային կենտրոնի ստեղծումը, Յուրի Բրաժնիկովը նկատել է, թե պարիտետային հիմունքներով ստեղծվելու է համատեղ հումանիտար կենտրոն:

Կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը կնքվել է փետրվարի 9-ին Հայաստանի եւ Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը: