Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 9-ին, ընդունել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի գլխավորած պատվիրակությանը:

«Ուրախ եմ, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները դինամիկորեն են զարգանում: Մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ապրանքաշրջանառության մշտապես աճող ծավալները, ռազմատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում սերտ համագործակցությունն ամրապնդում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամությունը»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի այցը եւս կնպաստի երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Նիկոլայ Պատրուշեւը Հայաստան կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումներն ու բանակցությունները համարել է օգտակար եւ արդյունավետ:

«Հանդիպման ժամանակ մենք խոսել ենք մեր ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության մասին, ինչպես նաեւ հումանիտար ոլորտում, բնական աղետների հետեւանքների վերացման ուղղությամբ փոխգործակցության եւ մի շարք այլ հարցերի մասին:

Պարո՛ն նախագահ, Ձեր հաճախակի շփումները Ռուսաստանի ղեկավարության՝ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, մշտապես դրական ազդակներ են հաղորդում եւ օժանդակում հայ-ռուսական հարաբերությունների սերտացմանը՝ նպաստելով նաեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Կարծում եմ, որ մեր խորհրդատվությունները, որոնք նույնպես պարբերական բնույթ են կրում, նպաստում են մեր պետությունների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը»,-ասել է Նիկոլայ Պատրուշեւը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: