Տևական ժամանակ է՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքում տիրում է գարշահոտ հակասանիտարական վիճակ, հաղորդում է Shamshyan.com–ը։
Փողոցով անցնող դիտահորերից կեղտաջրերը դուրս են թափվում ու լցվում փողոցով մեկ։ Գարշահոտը զգացվում է անգամ մի քանի հարյուր մետրից, իսկ երեխաները դպրոց են հաճախում այդ պայմաններում։
Բնակիչները կայքի հետ զրույցում նշել են, որ այս խնդիրը երկար ու ձիգ տարիների պատմություն ունի, դիմել են և՛ «Վեոլիա ջուր», և՛ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, և՛ Կենտրոնի թաղապետարան, սակայն ոչ մի տեղից հարցի վերջնական լուծում չեն ստացել, մեկը մյուսի վրա է գցում։
«Եթե «Վեոլիա ջրինը» չի էդ կոյուղագիծը, ինչու է նա մեզնից փող գանձում։ Պարտաճանաչ վճարումները կատարում ենք։ Չենք կարողանում փողոցն անցնել։ Գարշահոտը ոչ միայն խեղդում է այլ նաև անհնարին է դարձնում շնչել ու արտաշնչելը»,–ասել է բնակիչներից մեկը։
Մի քանի անգամ բնակիչներն իրենց ուժերով են խցանված դիտահորերը մաքրել, բայց դա խնդիրը չի լուծել, պետք է օր առաջ փոխել վնասված կոյուղատարերը։
Նշենք, որ սիրված ու հայտնի «Թթենի» ֆիլմը հենց այս փողոցում է նկարահանվել։





























