Աբու Դաբիում անցած ուրբաթ եւ շաբաթ տեղի ունեցած Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները ցուցադրել են, որ Միացյալ Նահանգներին հաջողվել է ամրանալ հակամարտող երկու կողմերի միջեւ անաչառ միջնորդի, այլ ոչ թե որպես նրանցից մեկին աջակցողի իր դերում, նշել է բրիտանական Financial TImes-ի մեկնաբան Գիդեոն Ռահմանը իր մեկնաբանությունում՝ պատերազմի սկսվելուց ի վեր այս ձեւաչափով առաջին բանակցությունների վերաբերյալ։

Վերջին շաբաթների ընթացքում եվրոպացի քաղաքական գործիչների մտահոգությունները, թե ԱՄՆ վարչակազմը հավանաբար համակրում է Կրեմլին, պակասեցին, նշել է նա։ Վախը, թե Վլադիմիր Պուտինը կարող է լրջորեն ազդել ԱՄՆ դիրքորոշման վրա հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ Մոսկվայում հերթական հանդիպման ժամանակ, դեռեւս վերջնականապես չեն ցրվել, բայց միեւնույն ժամանակ Եվրոպան պատշաճն է մատուցում ամերիկացի երկրորդ բանագնացի՝ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների ջանքերին, նրա մեջ տեսնելով լուրջ եւ բարեխիղճ միջնորդի, գրել է FT-ի մեկնաբանը։

Այժմ Եվրոպան եւ ԱՄՆ-ը կարող են շահեկանորեն լրացնել միմյանց կարգավոման գործընթացում, այլ ոչ թե խանգարել, կարծում է Ռահմանը. եվրոպացիները կարող են ֆինանսական եւ ռազմական օգնություն ցուցաբերել, ամերիկացիները՝ աջակցել Կրեմլի հետ շփման բաց խողովակներ պահելուն։

Այժմ Եվրոպայում մտահոգվում են ոչ թե նրանից, որ Թրամփը կդավաճանի Ուկրաինային, ինչպես առաջ, այլ այն բանից, որ վարչակազմը կկորցնի համբերությունը եւ այլեւս չի կենտրոնանա խաղաղ գործընթացի վրա, որը դանդաղ է ընթանում եւ, հավանաբար,  էլի շատ ժամանակ եւ ուշադրություն կպահանջի, մինչդեռ Թրամփի վրա ճնշում կգործադրեն այլ խնդիրներ, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, կարծում է FT-ի հեղինակը։

Անհրաժեշտ խաղաղ գործընթացի սկիզբը դրված է, թող որ Ուկրաինա Ռուսաստանի լիածավալ ներխուժման չորրորդ տարվա նախօրեին, բայց կա հավանականություն, որ մարտական գործողությունները կընթանան նաեւ մեկ տարի հետո, ամփոփել է Ռահմանը։