Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագան կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Կովկասում Թուրքիայի դերի համար, նրա՝ ԵՄ-ին անդամագրվելու հավակնությունների, դեպի Արեւմուտք գազի եւ նավթի առաքումների համար: Նույն կարելի է ասել նաեւ հայաստանի տնտեսության համար, գրում է բրիտանական Telegraph-ը:
Հեղինակավոր պարբերականը պատմական զուգահեռներ է ներկայացնում՝ նշելով, որ ղարաբաղյան հակամարտությունը դարձել է մեր օրերի Շլեզվիգ-Գոլշտեյնի խնդիր: 19-րդ դարում բռնկված այդ հակամարտության մասին լորդ Պալմերսթոնն ասում էր, թե «Շլեզվիգ-Հոլշտեյնի խնդիրն այնքան բարդ է, որ Եվրոպայում միայն երեք մարդ են հասկանում դա: Մեկը արքայազն Ալբերտն է, որ մահացել է, մյուսը՝ գերմանացի մի պրոֆեսոր, որ գժվեց, իսկ երրորդը՝ ես եմ, որ ընդհանրապես մոռացել եմ այն»:
ԼՂՀ-ն գտնվել է Ադրբեջանի կազմում, սակայն նրա բնակչության հիմնական մասը հայեր էին: Այն ժամանակ, երբ ԽՍՀՄ-ը գտնվում էր կործանման ճանապարհին, Հայաստանն ու Ադրբեջանը արյունալի պատերազմ էին մղում ԼՂՀ համար: Այդ ժամանակվանից խնդիրը դուրս է մնացել հանրության գիտակցությունից, համենայն դեպս՝ Արեւմուտքում: Դա այն բարդ հարցերից է, որ ջլատում է Կովկասը:
Թերթը նաեւ նշում է, որ մյունխենյան հանդիպումը լրացուցիչ խթան էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, սակայն պաշտոնական Անկարան հայտարարել է, թե հայ-թուրքական սահմանի բացումն անմիջականորեն կապված է ղարաբաղան հակամարտության առաջընթացի հետ: "Շլեզվիգ-Հոլշտեյնի խնդիրը հանգեցրեց երեք պատերազմների: «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, լուծումը հիմնված է նրա վրա, որ Հայաստանը զիջի ԼՂՀ-ի շրջակա յոթ շրջանները՝ հանրապետության վերջնական կարգավիճակի հանրաքվեի դիմաց, ինչը վախեցնող է: Սակայն տարածաշրջանի վրա խաղագումարները շատ բարձր են…»,- գրում է Telegraf-ը:




























