Անսովոր իրադրություն է ստեղծվել Ռիո դե Ժանեյրոյում ավանդական կառնավալի նախօրեին: Հազարավոր ոստիկաններ, հրշեջներ ու պահակներ գործադուլ են սկսել` պահանջելով աշխատավարձի բարձրացում:

Հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ կժամանեն Ռիո արդեն հաջորդ շաբաթ: Արդարադատության նախարար Էդուարդո Կարդոսան հայտարարել է, որ եթե կարիք լինի, ապա գործի կդրվեն լրացուցիչ զորքեր եւ լրացուցիչ ռեսուրսներ:

Արդեն մեկ շաբաթ է, ինչ շարունակվում է գործադուլը Սալվադորում, որը մեծությամբ երրորդ քաղաքն է Բրազիլիայում:

Ցուցարարներն արդեն մի քանի օր է, ինչ շրջափակել են նահանգի օրենսդիր խորհուրդը եւ մտադիր չեն դադարեցնել ակցիան, չնայած որ զորքեր են մտցվել քաղաք:

Ռիոյի գործադուլն, ամենայն հավանականությամբ, եւս կհարկադրի կառավարությանը հազարավոր զինվորականներ ուղարկել քաղաք, ինչպես դա տեղի է ունեցել Սալվադորում, գրում է Reuters-ը: