ԱՄՆ-ն Ուկրաինային հայտնել է, որ պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրի Ռուսաստանի հետ՝ ԱՄՆ անվտանգության երաշխիքներ ստանալու համար, հաղորդոել է Reuters-ը՝ հղում կատարելով ներքին քննարկումներին ծանոթ աղբյուրին։
Ուկրաինան ԱՄՆ անվտանգության երաշխիքները դիտարկում է որպես ցանկացած կարգավորման հիմք, որը կավարտի Ռուսաստանի չորսամյա ներխուժումը Ուկրաինա։
Անցած հանգստյան օրերին Միացյալ Նահանգները միջնորդ հանդիսացավ Աբու Դաբիում Ուկրաինայի եւ Ռուսաստանի դեսպանների միջեւ բանակցություններին, որոնք, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, հանգեցրին համաձայնագրի հասնելու առաջընթացի։
Financial Times-ը հաղորդել է, որ Թրամփի վարչակազմը հասկացրել է Ուկրաինային, որ ԱՄՆ անվտանգության երաշխիքները կախված են խաղաղության համաձայնագրին Կիեւի համաձայնությունից, որը, հավանաբար, կպահանջի Դոնբասը զիջել Ռուսաստանին։
Բայց Reuters-ի հարցազրույցում աղբյուրը նշել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային չի ասում, թե ինչ պետք է պարունակի խաղաղության համաձայնագիրը, եւ որ այն ենթադրությունը, թե Վաշինգտոնը փորձում է ստիպել Ուկրաինային տարածքային զիջումներ կատարել Ռուսաստանին, մոլորության մեջ է գցում։
Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները կրկին կհանդիպեն կիրակի օրը Աբու Դաբիում, հնարավոր է՝ ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ փաստաթուղթը «100 տոկոսով պատրաստ է», եւ Կիեւն այժմ սպասում է դրա ստորագրման ժամանակին եւ վայրին։ Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի որպես պատերազմի ավարտին ուղղված ցանկացած խաղաղության համաձայնագրի մաս։


























