Ռուսական զրահատեխնիկայի նախագծող եւ «Ուրալ» տրանսպորտային մեքենաշինության նախագծային բյուրոյի (УКБТМ, որը մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնի մեջ) գլխավոր նախագծողի տեղակալ Նիկոլայ Մոլոդնյակովը մահացել է 89 տարեկան հասակում, հաղորդել է «Коммерсантъ»-ը՝ հղում կատարելով կորպորացիայի մամուլի ծառայությանը։
Մոլոդնյակովը 66 տարի աշխատել է «Ուրալվագոնզավոդ»-ում եւ UKBTM-ում՝ սկսելով իր կարիերան որպես հետազոտող-ինժեներ։ Նա մասնակցել է T-72 եւ T-90 տանկերի մշակմանը, կիրառմանը եւ արդիականացմանը, այդ թվում՝ T-90-ի առաջին տարբերակի մշակմանը եւ դրա սերիական արտադրության կազմակերպմանը։ Նախագծողը նաեւ վերահսկել է մեքենաների պաշտպանության եւ սպառազինության կատարելագործումը։
Ավելի ուշ Նիկոլայ Մոլոդնյակովը մասնակցել է այդ մեքենաների արտահանման առաջմղմանը եւ վերահսկել է T-72S եւ T-90S տանկերի փորձարկումները արտասահմանում։ Նրա նախաձեռնությամբ T-90S-ի առաջին դինամիկ ցուցադրությունը տեղի է ունեցել 1997թ․ IDEX ցուցահանդեսում։
Մոլոդնյակովը Ռուսաստանի կառավարության երկու մրցանակների դափնեկիր էր, տեխնիկական գիտությունների թեկնածու եւ Ռուսաստանի հրթիռային եւ հրետանային գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։




























