Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Մնացականյանին Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 23-ի հրամանագրով Գեւորգ Պետրոսյանն ազատվել է նախարարի պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվել է Մխիթար Մնացականյանը:

Մխիթար Մնացականյանը մինչ նշանակումը ԱԺ պատգամավոր էր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակով, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Նա 2001թ-ից Հայկական Կարմիր Խաչ ընկերության նախագահն է:

Հիշեցնենք, որ Գեւորգ Պետրոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել առողջական խնդիրների պատճառաբանությամբ, սակայն Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը NEWS.am-ին հայտնել էր, որ ԲՀԿ-ն դժգոհ է եղել նրա աշխատանքից եւ փորձառության պակասից: