Ռուսաստանը եւ Ուկրաինան Ստամբուլի պայմանավորվածությունների շրջանակում իրականացրել են զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը։ Այս մասին իր թելեգրամ-ալիքում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը ստացել է 1 000 զոհված ուկրաինացի զինծառայողի մարմին, մինչդեռ Ռուսաստանը՝ ընդամենը 38։
Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել նոյեմբերի 20-ին։ Այդ ժամանակ Ռուսաստանը Ստամբուլի պայմանավորվածությունների շրջանակում Ուկրաինային է փոխանցել 1 000 զոհված ուկրաինացի զինծառայողի մարմին եւ ստացել է 30 մարմին։ Նախկինում Ռուսաստանը եւ Ուկրաինան հոկտեմբերին իրականացրել են 31-ի դիմաց 1 000 զոհվածի փոխանակում։
2025թ․ սկզբից Մոսկվան եւ Կիեւը մի շարք հանդիպումներ են անցկացրել Ստամբուլում։ Վերջին հանդիպումից հետո կողմերը համաձայնել են անժամկետ շարունակել ծանր վիրավորվածների եւ հիվանդների բժշկական փոխանակումները։ Մոսկվան պատրաստակամություն է հայտնել Կիեւին փոխանցել ուկրաինացի զոհված զինծառայողների եւս 3 000 մարմին եւ առաջարկել է յուրաքանչյուր կողմից առնվազն 1 200 գերու փոխանակում։





























