Հայաստանում մսի առեւտրի կետերում ստուգումների թիվն աճել է, խախտումների թիվը՝ նվազել։ Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը՝ ամփոփելով 2025թ․ արդյունքները։
«2025թ․ իրականացվել է 5 301 համաճարակաբանական մոնիթորինգային այց, որոնցից 4 515-ը՝ մսի իրացման կետերում, 786-ը՝ սպանդանոցներում, անասնապահական ֆերմաներում եւ կաթի ընդունման կետերում»,- ասել է Պետրոսյանը։
Պաշտոնյան խախտումների նվազումը պայմանավորել է իր գերատեսչության հաջող աշխատանքով։ «Մոնիթորինգը եւ վերահսկողությունը շարունակական կլինեն»,- ընդգծել է տեսչական մարմնի ղեկավարը։
Նրա խոսքով՝ 2025թ․ հայտնաբերվել է 314 խախտում։ Դրանցից 265-ի դեպքում սուբյեկտները ենթարկվել են վարչական տույժերի։
Մսի իրացման կետերում գրանցված խախտումների դեպքերում առգրավվել եւ ոչնչացվել է գրեթե 8 տոննա միս։ Խոսելով սպանդանոցների մասին՝ Պետրոսյանը, մասնավորապես, ընդգծել է, որ 2024թ․ դրանց թիվը կազմել է 139, իսկ 2025թ․՝ 128: «Չնայած սպանդանոցների թվի կրճատմանը, փաստացի մորթվել է 31 հազար տոննա, ինչը նախորդ տարիների համեմատ ավելի բարձր է»,- նշել է պաշտոնյան:





























