ԵՄ-ում մշտական անդամության թեկնածուները եւ պոտենցիալ հավակնորդները պետք է շարունակեն բարեփոխումները՝ կապված այնպիսի առանցքային հարցերի հետ, ինչպիսիք են իրավական նորմերը, խոսքի ազատությունը, էթնիկ փոքրամասնության նկատմամբ վերաբերմունքը եւ կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, ասված է Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի բանաձեւում, որ հաստատվել է երկուշաբթի օրն ու դրվել լիագումար քվեարկության, որ կայանալու է նոյեմբերի 26-ին: Ընդհանուր առմամբ, խարհրդարանը ամրագրել է իր հավատարմությունը Եվրամիության ընդլայնման գործին: Չորեքշաբթի ընդլայնման ռազմավարությունը քննարկվելու է արեւմտաբալկանյան երկրների, Իսլանդիայի եւ Թուրքիայի հարցերով:
Բանաձեւը ուշադրություն է հրավիրում Թուրքիայում օրենսդրական բարեփոխումների անհապաղ իրականացման անհրաժեշտության վրա՝ պետության եւ հանրության գործակցության լավացման նպատակով: Եվրախորհրդարանի անդամները ցավ են հայտնում Թուրքիայում կրոնական ազատության եւ խոսքի ազատության աննշան առաջընթացի պատճառով։
Եվրախորհրդարանը ողջունել է Թուրքիայի կողմից Nabucco գազատարի պայմանագրի ստորագրումը: Ընդգծվել է նաեւ հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ թափած ջանքերը: Բանաձեւոմ նշվում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի ազգային խորհրդարանները պետք է վավերացնեն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված երկկողմ հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները:




























