Սկանդալային հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի զոհերի փաստաբանները դատական կարգով պահանջում են հեռացնել կառավարական կայքը, որտեղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակում է գործին առնչվող փաստաթղթերը, այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթին։

«Սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի ենթադրյալ զոհերի փաստաբանները, վկայակոչելով «ստեղծված ծայրահեղ անհրաժեշտությունը», Նյու Յորքի երկու դաշնային դատավորների կոչ են անում կարգադրել անհապաղ հեռացնել արդարադատության նախարարության վեբ-կայքը՝ Էփշտեյնի գործի նյութերով»,- ասվում է հեռուստաալիքի կայքում հրապարակված հոդվածում՝ հղում անելով դատավորներին ուղղված նամակին։

Փաստաբանները մատնանշում են, որ փաստաթղթերում բազմիցս հանդիպում են զոհերի չխմբագրված անուններ և տեղեկություններ, որոնք թույլ են տալիս պարզել նրանց ինքնությունը։ Իրավաբանների խոսքով՝ գործով նոր փաստաթղթերի հրապարակումից հետո վերջին երկու օրվա ընթացքում իրենք իշխանություններին հայտնել են խմբագրման մեջ առկա «հազարավոր» թերությունների մասին, որոնք առնչվել են շուրջ հարյուր զոհերի։

Ուրբաթ օրը ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշը հայտարարել է Էփշտեյնի գործով նյութերի հրապարակման ավարտի մասին։ Հաշվի առնելով վերջին հրապարակումը՝ հանրայնացված տվյալների ընդհանուր ծավալը գերազանցել է 3,5 միլիոն ֆայլը, ներառյալ փաստաթղթեր, էլեկտրոնային նամակներ, ինչպես նաև լուսանկարներ և տեսանյութեր, որոնք կապված են այժմ արդեն հանգուցյալ ֆինանսիստի կողմից իրականացված սեքս-թրաֆիքինգի ոլորտի հանցագործությունների հետաքննության հետ։

2019 թվականին ԱՄՆ-ում Էփշտեյնին մեղադրանք է առաջադրվել անչափահասների թրաֆիքինգի (սեռական շահագործման նպատակով) և այդ հանցագործությունը կատարելու նպատակով դավադրության մեջ։ Նրան սպառնում է ավելի քան 40 տարվա ազատազրկում։ 2019 թվականի հուլիսի վերջին հայտնի է դարձել, որ Էփշտեյնին գտել են բանտախցում «կիսագիտակից վիճակում», որից հետո նա մահացել է։ Քննությունը ցույց է տվեկ, որ նա ինքնասպանություն է գործել։