ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի լատինատառ անունը (Kim Jong-Un) փետրվարի 11-ի գիշերը հայտնվել է համաշխարհային Twitter ցանցում. այն ողողված էր «մեծ ժառանգորդի» սպանության մասին լուրերով:
Ըստ հաղորդագրությունների` Կիմ Չեն Ընի վրա իբրեւ թե մահափորձ է կատարվել Պեկինում Հյուսիսային Կորեայի դեսպանատանը` տեղական ժամանակով շաբաթ առավոտյան, իսկ նրա մարդասպաններին կրակել են թիկնապահները: Հյուսիսկորեական առաջնորդի սպանության մասին սկզբնական լուրերը հայտնվել են չինական Weibo կայքում: Այդ լուրերի տարածման պատճառն այն է դարձել, որ Չինաստանում ԿԺԴՀ-ի դեսպանատան առաջ հավաքվել են տասնյակ կառավարական ավտոմեքենաներ:
Այնուհետեւ լուրերն անցել է Twitter ցանցից օգտվողներին, գրում է «Ռիդուսը»:
Մինչդեռ, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ամերիկյան հետախուզական ծառայությունը տվյալ տեղեկության հաստատումը չի գտել: Այնտեղ կարծում են, որ այդ ամենը Հարավային Կորեայի տնտեսության քայքայմանն ուղղված պլանավորված ջանքերի մի մասն է, որը շատ զգայուն է արձագանքում հյուսիսային հարեւանի տարածքում տեղի ունեցող հուզումներին:
Հիշեցնենք, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Իրը վախճանվել է 2011 թվականի դեկտեմբերի 17-ին: Նա մահացել է 70 տարեկանում` սրտի կաթվածից: Վախճանված առաջնորդի կրտսեր որդին` Կիմ Չեն Ընը, անվանվել է իր հոր եւ նրա հետեւորդների գործի «մեծ շարունակող»:




























