Հոկեյի ուկրաինացի մարզիչ Իվան Պրավիլովը, որը ԱՄՆ-ում մեղադրվել էր մանկապղծության մեջ, փետրվարի 10-ին Ֆիլադելֆիայի բանտի իր բանտախցում մահացած էր գտնվել: Ըստ նախնական վարկածի` մարզիչն ինքնասպանություն է գործել: Նշանակվել է դիահերձում: 

Հունվարի վերջին 48-ամյա մարզչին մեղադրանքներ էր ներկայացվել 14-ամյա ուկրաինացի դեռահասի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար, որը սովորում էր Ֆիլադելֆիայի հոկեյի դպրոցում: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 3-ին, երբ մարզիչը պարապմունքներից հետո տուն է տարել երկու 14-ամյա տղաների: Այն բանից հետո, երբ մարզիչն իմացել է, որ տուժածն իր դեմ հայտարարություն է գրել, նա հարվածել է նրա վզին եւ սպառնացել սպանել:

Պրավիլովն իր մեղքը հրաժարվել է ընդունել: Նրան սպառնում էր 6-ից 8 տարվա ազատազրկում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 
Իվան Պրավիլովն ավելի վաղ «Դրուժբա-78» ուկրաինական երիտասարդական հավաքականի մարզիչն է եղել: