Standard & Poor`s (S&P) գործակալությունը փետրվարի 10-ին իջեցրել է իտալական 34 բանկերի վարկանիշները:
S&P-ի կողմից վարկանիշներն իջեցված բանկերի շարքում երկրի խոշորագույն ֆինանսական այնպիսի խմբերն են, ինչպիսիք են UniCredit-ը, Intesa Sanpaolo-ը, BNL-ը, առաջատար ներդրումային Mediobanca բանկը: Նրանց վարկանիշներն իջել են А-ից մինչեւ ВВВ+:
Ինչպես նշում է գործակալությունը, Իտալիայի առաջատար բանկերի վարկանիշների իջեցման մասին որոշումը այդ երկրի ինքնավար վարկանիշի А-ից մինչեւ ВВВ+ իջնելու հետեւանքն է, որի մասին Standard & Poor`s-ը հայտարարել էր հունվարի 13-ին: Գործակալությունն այն ժամանակ իջեցրել էր եվրագոտու միանգամից 9 երկրների վարկանիշը:
Նման որոշման պատճառ է դարձել եվրագոտու պարտքային ճգնաժամը եւ մտավախությունը, որ մի շարք երկրների կառավարություններ, այդ թվում նաեւ Իտալիայինը, կարող են դժվարություններ ունենալ իրենց պարտքի մարման ընթացքում: Բացի դրանից, այն երկրների բանկերը, որոնց վարկանիշներն իջեցվել են, խոշոր ներդրումներ ունեն եվրագոտու խնդրահարույց պետությունների պարտատոմսերում, հաղորդում է vesti.ru-ն:




























