ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Սաուդյան Արաբիային 3 միլիարդ դոլարի հնարավոր տրամադրումը F-15 կործանիչների սպասարկման ծառայությունների և դրանց հետ կապված սարքավորումների համար: Այս մասին հայտնում է Պենտագոնի Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահմանում ռազմական տեխնիկայի և զենքի վաճառքի համար։
Հայտարարության համաձայն՝ Թագավորության իշխանությունները նախկինում ԱՄՆ-ից խնդրել էին վերոնշյալ ինքնաթիռի վերանորոգման ծառայություններ, պահեստամասեր, ծրագրային ապահովում և տարբեր համակարգեր: «Ընդհանուր արժեքը գնահատվում է 3 միլիարդ դոլար», - պարզաբանվում է փաստաթղթում: Այն ընդգծում է, որ «առաջարկվող վաճառքը կհամապատասխանի ԱՄՆ արտաքին քաղաքականությանը և ազգային անվտանգության նպատակներին՝ ամրապնդելով ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող կարևոր դաշնակցի անվտանգությունը»:
Վաշինգտոնի վարչակազմն արդեն ծանուցել է Կոնգրեսին այս որոշման մասին։ Օրենսդիր մարմինն այժմ ունի 30 օր՝ պոտենցիալ գործարքները քննարկելու և դրանք հնարավոր արգելափակելու համար։ Պենտագոնը հավաստիացրել է, որ հիշյալ ծառայությունների մատուցումը չի վնասի ԱՄՆ-ի մարտունակությանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի նոյեմբերի 18-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիային շնորհել են ՆԱՏՕ-ից դուրս Վաշինգտոնի հիմնական դաշնակցի կարգավիճակ, ինչպես նաև թագավորության հետ ռազմավարական համաձայնագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում։ Այլ երկրների ներառումը Վաշինգտոնի՝ ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակիցների թվում հեշտացնում է ԱՄՆ-ի համար նրանց հետ ռազմական ոլորտում համագործակցությունը։ Այս կարգավիճակը չի նախատեսում փոխադարձ պաշտպանության պարտավորություններ։ Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է Սաուդյան Արաբիային վաճառել մեծ քանակությամբ սպառազինություն, այդ թվում՝ հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչներ, ինչպես նաև մոտ 300 տանկ։





























