Հայաստանում անկանխիկ գործողություններից քեշբեք ստացող կենսաթոշակառուների թիվը գերազանցել է 400 հազարի սահմանը։ Այս մասին փետրվարի 4-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ երկրում ավելի ու ավելի մեծ թվով քաղաքացիներ են սկսում օգտվել վճարման անկանխիկ եղանակից և քեշբեքից։ «եթե նախկինում օգտատերերի թիվը 400 հազարից պակաս էր, ապա այսօր այն արդեն գերազանցել է այդ սահմանագիծը»,- ասել է Թորոսյանը։
Նախարարը միևնույն ժամանակ հավելել է, որ քեշբեքի միջին չափը նույնպես ավելացել է։ «Նախկինում այդ գումարը կազմում էր մոտավորապես 4100 դրամ, սակայն այժմ այն աճել է մինչև 4400 դրամ։ Քաղաքացիները հասկանում են այս ծրագրի կարևորությունը և ակտիվորեն օգտվում են դրանից։ Հունվարին մենք նույնպես կզգանք հետվճարի տոկոսի ավելացումը»,- եզրափակել է Թորոսյանը։





























