Սուլավեսի կղզում 7,22 մետր երկարությամբ էգ ցանցավոր պիթոն է հայտնաբերվել, որը Գինեսի ռեկորդների գրքի կայքի փոխանցմամբ՝ պաշտոնապես ճանաչվել է վայրի բնության մեջ ամենաերկար օձը:
Սողունն ստացել է Իբու Բարոն (Բարոնուհի) անունը և կշռում է 96,5 կգ՝ գրեթե այնքան, որքան չափահաս պանդան: Փորձագետների գնահատմամբ՝ լիովին թուլացած վիճակում պիթոնը կարող է 10%-ով ավելի երկար լինել, սակայն նման չափումներ էթիկական նկատառումներով չեն իրականացվել:
Օձին փրկել է սողունների սիրահար Բուդի Պուրվանտոն՝ նրան գնելով տեղի բնակիչներից: Ինդոնեզիայում խոշոր պիթոններին հաճախ ոչնչացնում են մարդկանց ու անասունների համար ներկայացվող վտանգի, ինչպես նաև որսագողության պատճառով: Բնության մեջ ցանցավոր պիթոնները մնում են ներկայումս ապրող ամենաերկար օձերը, մինչդեռ անազատության մեջ գտնվողների ռեկորդը պատկանում է ամերիկյան Մեդուզա մականունով առանձնյակին՝ 7,67 մետր:




























