Եվրոպայի հյուսիսային մասը պատուհասած անսովոր ցրտերը հասել են Իտալիա, որտեղ առատ տեղումների պատճառով տասնյակ բնակավայրեր մեկուսացել էին արտաքին աշխարհից: Ինչպես տեղեկացնում է Delfi.lv-ը, Հռոմում փողոցները մաքրելու են դուրս եկել զինվորականները:
Արգելված է մոտոցիկլետների երթեւեկությունը:Խորվաթիան նունպես տառապում է աննախադեպ ցրտերից: Չդադարող տեղումների պատճառով խափանվել է տասնյակ բանակավայրերի հետ հաղորդակցությունը, դադարեցվել է Դունայով նավարկությունը: Շատ շրջաններում վնասվել է հեռախոսային կապը, խափանվել է էլեկտրամատակարարումը:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, ձյան առատ տեղումների պատճառով Ռումինիայի Բուեզուի շրջանում 38 բնակավայրեր հայտնվել էին «սպիտակ գերության» մեջ:Օդերեւութաբանները նշում են, որ Հյուսիսային կիսագնդում այս տարի եզակի եղանակային ֆենոմեն է նկատվում: Խախտվել է քամիների ավանդական ուղղվածությունը եւ բարձր ու ցածր ճնշման գոտիների հարաբերակցությունը: Այսպես, Արկտիկայում, Իսլանդիայում, Կանադայի հյուսիսային շրջաններում եւ ԱՄՆ-ում արդեն երեք շաբաթ է, ինչ անսովոր տաք եղանակ է: Իսկ ահա Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում սառնամանիքներ են: Ձյուն կա անգամ Սահարայում:



























