ԱՄՆ-ը շարունակում է տնտեսական ճնշում գործադրել Եվրամիության վրա որոշ ոլորտներում, ներառյալ դեղագործությունը և թվային ծառայությունները, իսկ Գրենլանդիայի շուրջ հակամարտությունը դեռ սպառված չէ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ մի շարք եվրոպական լրատվամիջոցների, այդ թվում՝ Le Monde թերթին տված հարցազրույցում։

«Երբ ճգնաժամի գագաթնակետն անցնում է, թեթևացում է գալիս, ինչպես 2025 թվականի ամռանը, երբ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրվեց առևտրային մաքսատուրքերի մասին համաձայնագիրը։ Տեղի են ունենում սպառնալիքներ և ահաբեկումներ, բայց հետո Վաշինգտոնը հանկարծ նահանջում է և մեզ թվում է, թե ամեն ինչ ավարտվեց։ Բայց մի՛ հավատացեք դրան ոչ մի վայրկյան։ Ամեն օր սպառնալիքներ են ստացվում դեղագործության և թվային տեխնոլոգիաների վերաբերյալ», - ասել է նախագահը՝ պատասխանելով Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին։

Ֆրանսիայի առաջնորդը համոզմունք է հայտնել, որ նման իրավիճակում եվրոպացիները «չպետք է փորձեն փոխզիջում գտնել»։ Նրա գնահատմամբ՝ վերջին ամիսների ընթացքում այդ «ռազմավարությունը պտուղներ չի տվել»։ Ավելին, նման դիրքորոշումը հանգեցնում է Վաշինգտոնից կախվածության մեծացմանը, ընդգծել է նախագահը՝ հիշեցնելով, որ դեպի Եվրոպա բնական գազի մատակարարումների 60%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին։ Մակրոնը կասկածի տակ է դրել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ ԵՄ անվտանգության երաշխավարումը շարունակելու համար։

Նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 31-ին հայտնել է Գրենլանդիայի հետագա պատկանելության շուրջ բանակցությունների մեկնարկի մասին և հույս է հայտնել, որ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպայի համար ձեռնտու գործարք ձեռք կբերվի։ Սպիտակ տան տիրոջ խոսքով՝ շատ հարցեր արդեն հաջողվել է համաձայնեցնել։ Ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավարը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու անհրաժեշտության մասին։ Դեռևս իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում Թրամփն առաջարկել է գնել կղզին, իսկ 2025 թվականի մարտին վստահություն է հայտնել, որ այն կարելի է բռնակցել։