ԱՄՆ–ի հետ ստորագրած հուշագրի տողատակերը, հետևի էջերը պիտի անպայման տեսնենք ինչ է ստորագրվել, ինչ են արել իրենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10–ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Բնականաբար մեր երկրի համար մեծ քայլ է, երբ որ Ամերիկայի կամ Ռուսաստանի նման գերտերությունների նմանատիպ պաշտոնյաներ այցելում են մեր երկիր։ Դա դրական է, պետք է գնահատել»,–ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ դրական ակնկալիք կարող ենք ունենալ ԱՄՆ փոխնախագահի այցից, Մեսրոպ Մանուկյանը պատասխանեց. «Քանի որ մի կողմը Նիկոլ Փաշինյանն է, ՔՊ-ից ու Նիկոլ Փաշինյանից ոչ մի դրական բան չես կարողանում ակնկալես, ինչը անում են՝ ավելի վատ են անում։ Մյուս կողմն էլ Ամերիկան է, հիմա այս պարագայում պիտի հասկանաս, որ գուցե նաև քո հարաբերությունները փչացնես քո բնական դաշնակցի հետ, այդ ռիսկերն էլ կարողանաս գնահատել։ Դրա համար այս փուլում կարծում եմ դեռ շուտ է գնահատական տալը։ Իսկ իշխանությունը միայն իր իշխանությունը պահելու ռիսկերն է գնահատում, ինքը անում է ամեն ինչ PR-ի կամ մնացածի համար, որպեսզի կարողանա իր իշխանությունը մեկ օր, մեկ ժամ ավել պահել։ Արևմուտքն էլ ցույց է տալիս, որ ամեն գնով պահում է Նիկոլ Փաշինյանին։

Մենք համոզվել ենք չէ՞, որ այդքան քաղբանտարկյալների խնդիր կա մեր երկրում, ապօրինությունների խնդիր կա, դատական համակարգի խայտառակ վիճակը կա, տոտալ մարդկանց բռնում, տանում են, տեսնում ենք, որ ոստիկանության շենքերում մարդկանց ծեծում են, իսկ կեղծ ժողովրդավարները, այս պարագայում եվրոպացիք, լուռ և համր են, որը անընդունելի է։

Ես հասկանում եմ, որ դուք Ռուսաստանի հետ խնդիր ունեք, բայց Հայաստանում ժողովրդավարության մասին պատկերացումը փոխվում է։ Ես ցավում եմ, որ եվրոպական իշխանավորները Եվրոպան տենց է իրեն պահում»,– հայտարարեց ավագանու ընդդիմադիր անդամը։