Նախատեսվում է ներդնել նոր կարգավորում, որի հիման վրա Կառավարությունը կկարողանա կանոնակարգել Եվրոպական դատարանի որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման վճարման գործընթացը: Այս մասին փետրվարի 10-ին խորհրդարանի հերթական նիստում հայտարարել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը։

Նրա խոսքով՝ սահմանված ժամկետում արդարացի փոխհատուցում ստանալու համար դիմումատուները պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր, ինչը գործնականում կապված է որոշակի խնդիրների հետ։ Նա պարզաբանել է, որ այդ խնդիրները հանգում են նրան, որ դիմումատուները հաճախ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են թերի կամ այնպիսի տեսքով, որը թույլ չի տալիս վարչապետի աշխատակազմին ապահովել փոխհատուցման վճարումը սահմանված ժամկետում։

Անդրեասյանը օրենքի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորել է արդարացի փոխհատուցման վճարման գործընթացի հստակ իրավական կարգավորման բացակայությամբ։