Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը դեռ հեռու է ավարտից, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Բանակցությունները շարունակվում են, երկրորդ փուլը տեղի է ունեցել Աբու Դաբիում, այնտեղ դեռ մեծ տարածություն կա անցնելու», — ասել է նա «ՆՏՎ»-ին տված հարցազրույցում:

Լավրովը, ով նախօրեին փորձել էր խաղաղության պայմանագրի բացակայության պատասխանատվությունը բարդել Վաշինգտոնի վրա, նաև հայտարարել է, որ առկա է «տեղի ունեցողի նկատմամբ ինչ-որ հիացական ընկալում», որը չպետք է կիսել:

Նրա խոսքով՝ խոսքն այն տարածված կարծիքի մասին է, թե նախագահ Դոնալդ Թրամփը «եվրոպացիներին «տեղն է դրել», [նախագահ Վլադիմիր] Զելենսկուն «տեղն է դրել», նրանցից պահանջում է կատարել [պոտենցիալ զինադադարի պայմանները]»։ «Այդ ամենը շատ լավ է, եթե մենք ցանկանում ենք հասնել խաղաղության Ուկրաինայում, բայց առայժմ մենք դեռ այնտեղ չենք», — ասել է նախարարը։

Լավրովը նաև կրկնել է Ռուսաստանի կողմից «բազմաբևեռ աշխարհակարգի» կառուցման և «նեոգաղութատիրական գործելակերպին հակազդելու» մասին իր թեզերը՝ որպես միջազգային հարաբերություններում Մոսկվայի առաջնահերթություն։ Բացի այդ, նա կրկին մեղադրել է ԱՄՆ-ին «համաշխարհային տնտեսությունում դոլարի դիրքի չարաշահման և ամերիկյան արժույթն անցանկալի պետությունների դեմ զենքի վերածելու մեջ»։