Ռուսաստանում վարունգի գները վերջին երեք ամսվա ընթացքում աճել են 111,1%-ով։ 2026 թվականի փետրվարի դրությամբ՝ մեկ կիլոգրամի համար միջին մանրածախ գինը կազմել է 300,1 ռուբլի։ Այս մասին գրում է Forbes-ը՝ հղում անելով «Ռուսպրոդսոյուզ» ասոցիացիայի տվյալներին։

Ագրոբիզնեսի վերլուծական «ԱԲ-Կենտրոնի» տեղեկություններով՝ 2025 թվականի դեկտեմբերի վերջից վարունգի գներն աճել են 41,8%-ով՝ ՝ մեկ կիլոգրամի համար 223,7-ից հասնելով 317,2 ռուբլու։ Սոցիալական ցանցերում ռուսները դժգոհում են, որ տարբեր տարածաշրջաներում գները բարձրացել են մինչև 500 և նույնիսկ 1000 ռուբլի՝ մեկ կիլոգրամի համար։ Փաստացիորեն, մեկ կիլոգրամ վարունգի արժեքն արդեն հավասարվել է մեկ կիլոգրամ մսի արժեքին, գրում է պարբերականը։ Ըստ «Ռոսստատի»՝ փետրվարի 2-ի տվյալների՝ մեկ կիլոգրամ խոզի միսն արժեցել է 396,93 ռուբլի, իսկ տավարի միսը՝ 700,5 ռուբլի։

Պարբերականի կողմից հարցված փորձագետները հիշեցնում են, որ վարունգի գները ավանդաբար կտրուկ աճում են յուրաքանչյուր տարվա սկզբին՝ ձմեռային շրջանում ջերմոցների բերքատվության նվազման, ամանորյա տոներից հետո պահանջարկի ավելացման և լոգիստիկ ծախսերի պատճառով։ 2026 թվականին բոլոր ջերմոցային համալիրներում բերքատվությունը կտրուկ նվազել է Ռուսաստանի ողջ տարածքում տիրող անոմալ ցրտերի պատճառով։

Ըստ վիճակագրության՝ առևտրային ցանցերում վարունգի նվազագույն գները փաստացի մնացել են անցյալ տարվա մակարդակին՝ մեկ կիլոգրամի համար 299 ռուբլի, իսկ անցյալ տարի վարունգի գների աճն էլ ավելի նկատելի է եղել. 2025-ի սկզբին այն երեք ամսվա ընթացքում 119,6% է կազմել։