Ռուսաստանը սկսել է «մասնակիորեն սահմանափակել» Telegram-ը երկրի տարածքում։ Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ հղում անելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի իր աղբյուրին։ Խոսքը ծառայության աշխատանքի դանդաղեցման մասին է, որն արդեն սկսել է գործել իշխանությունների որոշմամբ։

Ոլորտային գերատեսչությունների ևս երկու զրուցակիցների փոխանցմամբ՝ «Ռոսկոմնադզորը», որն ավելի վաղ հայտարարել էր Telegram-ի կողմից խարդախներին և ահաբեկիչներին օժանդակելու մասին, կսկսի դադարեցնել մեսենջերի օգտագործումը երեքշաբթի օրը՝ փետրվարի 10-ին։ Մինչդեռ ծառայությունն արդեն երկրորդ օրն է՝ աշխատում է լուրջ խափանումներով։ Մոնիտորինգային հարթակներում օգտատերերի բողոքների քանակը սովորական մակարդակի համեմատ կտրուկ աճել է՝ հասնելով 15 հազարի։ Մարդիկ հիմնականում հայտնում են մեդիաֆայլերի ներբեռնման հետ կապված խնդիրների մասին։

2025 թվականի օգոստոսին «Ռոսկոմնադզորը» փաստացի արգելափակել է Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը՝ հայտարարելով, որ մեսենջերները զանգվածաբար օգտագործվում են խարդախների և չարագործների կողմից, ովքեր ներգրավում են ռուսաստանցիներին «դիվերսիոն և ահաբեկչական գործունեության մեջ»։

Դեկտեմբերից ի վեր ռուսաստանցիները սկսել են զանգվածաբար բողոքել Telegram-ի դանդաղեցումից։ Այն ժամանակ օգտատերերը հայտնում էին լուսանկարների, տեսանյութերի, «կրուժոկների», էմոջիների և այլ ֆայլերի ուղարկման ուշացումների մասին։ Բացի այդ, շատերի մոտ ծառայությունը կամ ընդհանրապես դադարել է աշխատել, կամ տեղի էր ունենում անվերջ «միացում»:

Հունվարի 21-ին Արտյոմ Շեյկինը հայտնել է, որ իշխանությունները «փուլ առ փուլ» դանդաղեցնում են մեսենջերի աշխատանքը, քանի որ դրա ղեկավարությունն անտեսում է խարդախների և ահաբեկիչների դեմ պայքարելու պետության պահանջները։

«Ինտերնետի պաշտպանության հասարակության» տնօրեն Միխայիլ Կլիմարյովն ավելի վաղ նշել էր, որ իշխանությունները Telegram-ի նկատմամբ գնում են YouTube-ի սցենարով, երբ մեսենջերի աշխատանքի սահմանափակումները ներդրվում են աստիճանաբար, ինչը դրա օգտագործումը գնալով ավելի դժվարին է դառնում։