Պետդումայի պատգամավորները լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել են օրինագիծը, որն, ի թիվս այլ բաների, նախատեսում է բժշկական զննումներից խուսափող ներգաղթյալների համար տուգանքների ավելի քան 12 անգամ մեծացում, հաղորդում է ТАСС-ը։
Օրինագիծը Պետդումա է ներկայացրել 427 պատգամավորներից բաղկացած խումբը՝ խորհրդարանի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի, Դումայի խմբակցությունների ղեկավարների և Պետդումայի փոխնախագահ և Դումայի միգրացիոն քաղաքականության հանձնաժողովի նախագահ Իրինա Յարովայայի գլխավորությամբ։
Ըստ գործող կանոնակարգի՝ օտարերկրացիների բժշկական զննումից խուսափելը ենթադրում է 2000-4000 ռուբլի տուգանք՝ դատարանի որոշմամբ արտաքսման հնարավորությամբ։ Նախաձեռնության հեղինակները առաջարկում են տուգանքները սահմանել 25 հազարից մինչև 50 հազար ռուբլի՝ պահպանելով օտարերկրացու արտաքսման հնարավորությունը Ռուսաստանի Դաշնությունից դատարանի որոշմամբ։
Օրինագիծը սահմանում է նաև, որ տուգանքը ժամանակին չվճարելու դեպքում կսահմանվի սկզբնական գումարի կրկնապատիկի չափով տուգանք և երկրից պարտադիր արտաքսում։
Ավելին, օրինագծով առաջարկվում է օտարերկրացիների բժշկական զննում անցկացնելու կարգը խախտելու համար սահմանել վարչական տույժեր՝ տուգանքների տեսքով։ Ֆիզիկական անձանց համար տուգանքը կկազմի 25 հազարից մինչև 100 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ 100 հազարից մինչև 200 հազար ռուբլի, իսկ իրավաբանական անձանց համար՝ 300 հազարից մինչև 1 միլիոն ռուբլի։ Փաստաթղթում ընդգծվում է նաև, որ եթե մի քանի օտարերկրացիների համար խախտվում է զննման կարգը, ապա վարչական տույժերը կկիրառվեն յուրաքանչյուր առանձին դեպքի համար։
Ընդունվելու դեպքում օրենքը ուժի մեջ կմտնի հրապարակման օրվանից։





























