Նորվեգիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Օսլոն չի կարող բացառել ապագայում Ռուսաստանի ներխուժման հնարավորությունը՝ ենթադրելով, որ Մոսկվան կարող է գործողություններ ձեռնարկել Նորվեգիայի դեմ՝ ծայրամասային հյուսիսում տեղակայված իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար, գրում է The Guardian-ը:

«Մենք չենք բացառում սեփական միջուկային ներուժի պաշտպանության ծրագրի շրջանակներում Ռուսաստանի կողմից տարածքների զավթումը, որը միակ բանն է, ինչ նրանց մնացել է և ինչն իսկապես սպառնում է Միացյալ Նահանգներին», — հայտարարել է գեներալ Էյրիկ Քրիստոֆերսենը:

Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ Ռուսաստանը Նորվեգիայում չի ունեցել նվաճողական նպատակներ, «ինչպես Ուկրաինայում կամ նախկին խորհրդային այլ տարածքներում», սակայն, նրա խոսքով, ռուսական միջուկային զինանոցի մեծ մասը տեղակայված է Կոլայի թերակղզում (նորվեգական սահմանից ոչ հեռու), ներառյալ ատոմային սուզանավերը, ցամաքային բազավորման հրթիռներն ու միջուկային մարտագլխիկները:

Ըստ նրա՝ դա վճռորոշ նշանակություն կունենար, եթե Ռուսաստանը որևէ այլ վայրում հակամարտության մեջ մտներ ՆԱՏՕ-ի հետ:

«Մենք դա չենք բացառում, քանի որ Ռուսաստանը դեռ հնարավորություն ունի դա անել, որպեսզի համոզվի, որ իրենց միջուկային ներուժը և երկրորդ հարված հասցնելու հնարավորությունները պաշտպանված են։ Հենց նման սցենար ենք նախատեսում հեռավոր հյուսիսում», - ասել է նա։