Վստահ եմ, որ ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունն ընդդիմությանը 100%-ով դուր է եկել։ Այս մասին փետրվարի 11-ին Հայաստանի Ազգային ժողովի հերթական նիստում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը։

Պատասխանելով ընդդիմության մեղադրանքներին, թե այս փոփոխությամբ իշխանությունները դիմում են բռնաճնշումների՝ նա հայտարարել է. «Ու՞մ նկատմամբ ենք բռնաճնշումներ կիրառում։ Սոլովյովի՞, ով կոչ է անում ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի դե՞մ։ Ձեռ եք առնո՞ւմ»։

Ռուբինյանը զարմանք է հայտնել վերջին հինգ տարիների ընթացքում ընդդիմության, ինչպես ինքն է ձևակերպել, «էվոլյուցիայի» կապակցությամբ։ Նրա խոսքով՝ սկզբում ընդդիմությունը գոնե թաքցնում էր, որ դեմ չէ Հայաստանի ներքին գործերին օտարերկրյա միջամտությանը, սակայն հիմա նույնիսկ դա չի թաքցնում։ «Վա՞տ է, որ մենք օրենքով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին հնարավորություն ենք տալիս պաշտպանել Հայաստանը օտարերկրյա միջամտությունից։ Դա վա՞տ է։ Մարդիկ հիմար չեն, նրանք հասկանում են, որ դուք օտարերկրյա միջամտության ուղղակի շահառուներն եք»,- համոզմունք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցը։

Նրա խոսքով՝ ամեն անգամ, երբ սահմանին լարվածություն էր առաջանում, իշխանությունը մտածում էր և՛ արտաքին սահմանները պաշտպանելու, և՛ ներքին կայունությունն ապահովելու մասին։ Ըստ նրա գնահատականի՝ ընդդիմությունն ամեն անգամ «որպես աստծո պարգև» էր ընդունում Հայաստանի վրա հարձակումները և անմիջապես փորձում էր հանրահավաքներով հրահրել ներքին անկայունություն։

«Դա նրանց մոտ չէր ստացվում։ Դրանից հետո ընդդիմությունը ներգրավում էր տարբեր հոգևորականների, հետո նրանց ղեկավարին, հետո արտերկրի օլիգարխներին։ Բայց միևնույն է՝ չի ստացվելու»,- նշել է Ռուբինյանը։ Նա «Հայաստան» խմբակցության դեմքով ընդդիմությանը անվանել է սահմանադրական կարգի բռնի տապալման կողմնակից՝ մեղադրելով նրանց «ռազմական հեղաշրջման կոչ արած բարձրաստիճան հոգևորականին և ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրվող մեկ այլ բարձրաստիճան հոգևորականին» հրապարակավ պաշտպանելու մեջ։ «Ուստի ձեզ լավ կլինի չխոսել սահմանադրական կարգի տապալման մասին»,- նշել է փոխխոսնակը։

Ռուբեն Ռուբինյանը հավելել է, որ մինչ այժմ օրենքը կարգավորում էր Հանձնաժողովի գործունեությունը հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող արտասահմանյան հեռուստաալիքների մասով, իսկ այժմ նախատեսում է այդ հարցի կարգավորումը նաև այն արտասահմանյան հեռուստաալիքների նկատմամբ, որոնք հեռարձակվում են հանրային մուլտիպլեքսից դուրս։