Ռուսաստանում քսենոֆոբիայի բացահայտ խնդիր կա։ Այս երկրում հայերի նկատմամբ կատարվող հանցագործությունների վերաբերյալ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է Ռուսաստանում Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Մարկ Ֆրանկոն։

«Ինչպես մի շարք եվրոպական երկրներում, այնպես էլ Ռուսաստանում առկա է քսենոֆոբիայի խնդիրը։ Մեզ մոտ քսենոֆոբիայի և ռասիզմի դեմ պայքարելու ընդհանուր պարտավորվածություն կա, քանի որ այս բացասական երևույթները պառակտում են մեր հասարակությունը»,- ասել է դիվանագետը։

Նշենք, որ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարն այսօր Մոսկվայում մասնակցել է «Փոքրամասնությունները Ռուսաստանում. լեզուների, մշակույթի, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության զարգացումը» խորագիրը կրող ծրագրի շնորհանդեսին։ Այն իրագործում են Եվրախորհուրդն ու Եվրոպական հանձնաժողովը՝ Ռուսաստանի Դաշնության տարածքային զարգացման նախարարության հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է աջակցել Ռուսաստանում էթնիկ և ագգային փոքրամասնություններին, ազգային մշակույթի և ավանդույթների լիակատար ընդունմանը, ազգային լեզվով քաղաքացիական հասարակությանն ու լրատվամիջոցներին։ Նախաձեռնության շրջանակներում մշակվելու է փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ բազմակողմանի մոտեցումների հատուկ քաղաքականություն։

Գնահատելով վերոհիշյալ ծրագիրը, Մարկ Ֆրանկոն համոզմունք է հայտնել, որ այս նախաձեռնությունը հաջողություն կունենա։ «Մենք ուրախ ենք աջակցել ծրագրին այն տեսքով, ինչպես դա որոշել են Եվրախորհուրդը և Ռուսաստանի կառավարությունը։ Ծրագիրը գրավել է ոչ կառավարական կազմակերպությունների և տեղի իշխանությունների ուշադրությունը։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում նախագիծը գործի կդրվի», ասել է նա։