Կրեմլի ներկայացուցիչները մտադիր չեն մասնակցել փետրվարի 19-ին նախատեսված Խաղաղության խորհրդի առաջին նիստին: Խորհուրդն ինքնին դեռևս քննարկվում է Ռուսաստանի ԱԳՆ-ում, ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կրեմլից ոչ ոք չի ծրագրում մասնակցել,- ասել է նա RTVI-ի հետ զրույցում: -Խորհուրդը դեռևս քննարկում է [Ռուսաստանի] ԱԳՆ-ում»։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Պետդումայում կառավարության ժամին ելույթ ունենալով, նշել էր, որ Մոսկվան ներկայում գնահատում է իր դիրքորոշումը Խաղաղության խորհրդի վերաբերյալ և հաշվի է առնում, թե «որքան զգուշավոր են եղել այդ գաղափարի նկատմամբ Արևմուտքի և Արևելքի շատ երկրներ, ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամները»։

Հունվարի 22-ին 19 երկրների ներկայացուցիչներ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ստորագրել են Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, որը ստեղծվել է Գազայի հատվածում խաղաղության կարգավորման շրջանակում: Վաշինգտոնը հայտարարել է, որ կազմակերպությանը միացել են նաև այլ պետություններ։ Խաղաղության խորհուրդը ստեղծվել է ըստ Իսրայելի և արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի կառավարման վերաբերյալ համաձայնագրի, սակայն ենթադրվում է, որ այն կաշխատի նաև այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելման և լուծման ուղղությամբ: Խորհրդի առաջին նիստը նախատեսված է այս տարվա փետրվարի 19-ին Վաշինգտոնում: