ԱՄՆ-ն կհանի պատժամիջոցները ռուսական նավթի վրայից, եթե Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Եթե Վենեսուելայի, Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերում հաջողվի հասնել կարգավորման, ապա շուկաներ կարող է մուտք գործել մեծ քանակությամբ նավթ, որի վրայից Ֆինանսների նախարարությունը կհանի պատժամիջոցները», - ասել է Բեսենթը Fox News-ի եթերում։ Նրա խոսքով՝ դրա հաշվին ԱՄՆ-ն ակնկալում է զգալիորեն նվազեցնել նավթի համաշխարհային գները։

Միևնույն ժամանակ, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ է պատրաստել Ռուսաստանի դեմ, որոնք կսահմանվեն խաղաղության բանակցությունների ձախողման դեպքում, հայտնել են Bloomberg-ի աղբյուրները։ Նոր սահմանափակումները կթիրախավորեն էներգետիկ հատվածը և կուժեղացնեն Մոսկվայի վրա գործադրվող ճնշումը։ Մասնավորապես, դիտարկվել են միջոցներ «ստվերային նավատորմի» նավերի նկատմամբ, որոնք օգտագործվում են ծովով նավթի տեղափոխման համար, և պատժամիջոցներ այն թրեյդերների դեմ, որոնք աջակցում են ռուսական վառելիքի վաճառքին։ Անցյալ տարվա աշնանը Թրամփը սահմանափակումներ էր մտցրել Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» նկատմամբ։ Դա տեղի է ունեցել Բուդապեշտում ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների երկկողմ հանդիպման տապալումից հետո, որի ընթացքում նրանք պետք է քննարկեին Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության գործարքը։

Նոյեմբերին ԱՄՆ-ն ներկայացրել է Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության պլանը և այն համաձայնեցրել Կիևի ու եվրոպական գործընկերների հետ։ Հունվարի վերջին և փետրվարի սկզբին տեղի են ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև առաջին եռակողմ բանակցությունները։ Հիմնական հարցը, որի շուրջ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, մնում են տարածքները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևից պահանջում է ռուսական բանակին հանձնել Դոնբասի չօկուպացված հատվածը, մինչդեռ ուկրաինացի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին առաջարկում է սառեցնել ռազմական գործողությունները շփման գծի երկայնքով։

Financial Times-ի տվյալներով՝ Թրամփի վարչակազմը Կիևից պահանջել է մինչև այս տարվա հունիս հասնել Մոսկվայի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ կապված ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններին պատրաստվելու անհրաժեշտության հետ, որոնք տեղի կունենան աշնան վերջին։ Զելենսկին առաջարկել է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հանրաքվե անցկացնել, ընդ որում նա ընդգծել է, որ ուկրաինացիների 87%-ը կողմ է խաղաղության շուտափույթ կնքմանը, սակայն 85%-ը դեմ է «արևելքից հեռանալուն»։ «Դա նշանակում է, որ բոլորն են ուզում խաղաղություն, բայց արդարացի խաղաղություն», - շեշտել է Զելենսկին։