Ռուսները պետք է սկսեն վարունգ աճեցնել տանը՝ խանութներում դրանց գնի կտրուկ բարձրացման ֆոնին, հայտարարել է Պետդումայի պատգամավոր Նիկիտա Չապլինը: Նրա խոսքով՝ տան պայմաններում աճեցնելու համար լավագույնս համապատասխանում են հատուկ ինքնափոշոտվող հիբրիդները, որոնք միջատների մասնակցություն չեն պահանջում և դիմացկուն են սահմանափակ տարածության նկատմամբ: Նման սորտերը համապատասխան մակնշում ունեն փաթեթավորման վրա և լայնորեն ներկայացված են վաճառքում, հավաստիացրել է Չապլինը:
Նա նաև հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել լուսավորությանը. վարունգին անհրաժեշտ է առավելագույնս լուսավոր վայր, իսկ լավագույն տարբերակը հարավային պատուհանն է: Ընդ որում, ձմեռային ժամանակահատվածում պետք է օգտագործել ֆիտոլամպեր, որոնք լիովին լրացնում են արևի լույսի պակասը և ապահովում «օրվա» անհրաժեշտ տևողությունը ինչպես սածիլների, այնպես էլ հասուն բույսերի համար: Պատգամավորը հավելել է, որ վարունգը պետք է կանոնավոր կերպով ջրել սենյակային ջերմաստիճանի ջրով և պահպանել օդի խոնավությունը՝ ցողելու կամ ջրով լցված տակդիրների միջոցով: «Չի կարելի մոռանալ նաև համալիր պարարտանյութերով ժամանակին սնուցման մասին, որոնք մշակված են հատուկ բանջարեղենային մշակաբույսերի համար», - եզրափակել է Չապլինը: Ավելի վաղ «Ռուսպրոդսոյուզ» ասոցիացիան հաշվարկել է, որ վարունգի մեկ կիլոգրամի միջին մանրածախ գինը փետրվարի սկզբին բարձրացել է մինչև 300,1 ռուբլի, ինչը 111,1%-ով ավելի է, քան անցյալ տարվա նոյեմբերին:
Այս ֆոնին ռուսաստանցիները սոցիալական ցանցերում սկսել են դժգոհել, որ որոշ տարածաշրջաններում վարունգի գները բարձրացել են մինչև 500 և նույնիսկ 1000 ռուբլի՝ մեկ կիլոգրամի համար։ Սա փաստացի համադրելի է մսի մեկ կիլոգրամի արժեքի հետ. ըստ Ռոսստատի փետրվարի 2-ի տվյալների՝ խոզի մսի կիլոգրամն արժեցել է 396,93 ռուբլի, իսկ տավարի միսը՝ 700,5 ռուբլի։ «Լենտա» հիպերմարկետների ցանցի ներկայացուցիչը նշել է, որ բանջարեղենի գները ավանդաբար աճում են հունվարից՝ ձմեռային ժամանակահատվածում ջերմոցների բերքատվության նվազման, ամանորյա տոներից հետո բարձր պահանջարկի և լոգիստիկ ծախսերի պատճառով։ Ընդ որում, այս տարի բոլոր ջերմոցային համալիրներում բերքատվությունը կտրուկ նվազել է՝ Ռուսաստանի ողջ տարածքում տիրող անոմալ ցրտերի պատճառով, պարզաբանել է ռիթեյլերի ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ, «ԱԲ-Ցենտր» վերլուծական ընկերության տվյալներով, Ռուսաստանն իրեն վարունգով ապահովում է 95%-ով։ 2025 թվականին արդյունաբերական հատվածում բերքը կազմել է 897,800 տոննա։ Վարունգը երկիր է ներկրվում չնչին քանակությամբ և միայն այն տարածաշրջաններ, որտեղ քիչ են սեփական ջերմոցները՝ հիմնականում Հեռավոր Արևելք և Հարավային Ուրալի ու Սիբիրի որոշ շրջաններ, նշել են «ԱԲ-Ցենտր»-ում։





























