Բնական է, որ այս օրերին քննարկումները և ստվերային, և հրապարակային ձևաչափով ընթացող հանդիպումները և քննարկումները բազմաթիվ են առանձին քաղաքական ուժերի և գործիչների, մասնագիտական խմբերի ներկայացուցիչների հետ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև բանակցություններ են սկսվել:

«Արձագանքնելով այսօր մամուլում տեղ գտած հրապարակմանը, պետք է նշեմ, որ մեկնաբանում եմ միայն փաստերը: Եթե արձանագրելու լինենք փաստերը, ապա պետք է ասենք, որ ունենք օրերս Գագիկ Ծառուկյանի հրապարակային հայտարարությունը, որտեղ կոչ է անում բոլոր պետական, քաղաքական, մասնագիտական խմբերի ներկայացուցիչներին միասնաբար համախմբվել «Նոյյան տապան»-ի գաղափարի շուրջ համախմբվելով , երկիրը դուրս բերելու ստեղծված դժվարագույն իրավիճակից»,- ասաց Տոնոյանը:

Նա հիշեցրեց,որ այս պահի դրությամբ մենք ունենք պաշտոնապես «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը միացած «Մայր Հայաստան» կուսակցությունը. «Բնական է, որ այս օրերին քննարկումները և ստվերային, և հրապարակային ձևաչափով ընթացող հանդիպումները և քննարկումները բազմաթիվ են առանձին քաղաքական ուժերի և գործիչների, մասնագիտական խմբերի ներկայացուցիչների հետ: Վստահ կարող եմ արձանագրել մեկ փաստ, որ այս պահին մենք չունենք որևէ ցուցակային տրամաբանության և դաշինքների կազմման տրամաբանության մեջ քննարկումներ, քանի որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությամբ և տարբեր անհատների և ստեղծված իրավիճակը հաղթահարելու սրտացավություն ունեցող մարդկանց միասնությամբ: Քննարկումները շարունակվում են և բոլորին հորդորում եմ սպասել մեր հետագա հայտարարություններին, երբ արդեն կլինեն կոնկրետ անուններ, կոնկրետ քաղաքական ուժեր արդեն հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»: 

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Հռիփսիմե Առաքելյանը, անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, նշեց, որ «այս պահին այդ թեմայով  ասելիք չկա,եթե որևէ բան  լինի,ապա դրա մասին «Հայրենիք»-ը հանդես կգա հայտարարությամբ: