Ելնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումների պահանջներից, զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության խստացման և զինված ուժերում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ՝ կազմված գիտության, կրթության, բնապահպանության, սպորտի, առողջապահության բնագավառների, Հայ Առաքելական եկեղեցու մեկական և մշակույթի բնագավառի, հասարակական կազմակերպությունների ու Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների երկուական ներկայացուցիչներից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այդ հասարակական խորհրդում ընդգրկվել ցանկացողները մինչև 2009 թվականի օգոստոսի 15-ը պետք է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ներկայացնեն դիմում, անձնագրի պատճենը, ինքնակենսագրություն, իրենց ներկայացրած կազմակերպության երաշխավորագիրը, կազմակերպության կանոնադրությունը և գործունեության համառոտ նկարագրությունը: