«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության արժեքը կազմում է գրեթե 1 միլիարդ դոլար։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դավիթ Ղազինյանը։
Նա հստակեցրել է, որ եթե ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարել է, թե «թքած ունի այդ ակտիվների վրա», ապա ինքը, բնականաբար, չի կարող համաձայնել որևէ այլ բանի հետ։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունների յուրաքանչյուր քայլ ցույց է տալիս, որ նրանք վախ են տածում Կարապետյանի նկատմամբ և սխալներ են թույլ տալիս։ Ղազինյանը մանրամասնել է, որ իշխանությունները վախենում են Կարապետյանից և ԶԼՄ-ների ներկայացուցիչներից՝ որպես իշխանության չորրորդ թևի, քանի որ նրանց միջոցով շատ ճշմարտություններ են բացահայտվում։ «Երեկ իշխանությունները նույնպես ստիպված էին խոստովանել, որ դա այդպես է։ Արդյո՞ք նրանք քաջություն կունենան խոստովանելու, որ ստում են ժողովրդին։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հարցն ունի քաղաքական համատեքստ, միանշանակ գործ ունենք քաղաքական վենդետայի և մեկ անձի քմահաճույքի հետ։ Ընկերությունը խլել են, գործընթացը կրում է քաղաքական բնույթ», - նշել է Ղազինյանը։
Նրա խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները հրապարակում են զրպարտչական նյութեր՝ կապված փոխառությունների, վարկերի, տոկոսադրույքների և այլնի հետ։ Նա հավելեց, որ այս համապատկերում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահին բազմիցս կոչ են արել ներկայացնել իրականությունը։ Ինչպես հիշեցրել է Դավիթ Ղազինյանը, հանձնաժողովի նախագահն ընդունել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը և դրանք որևէ առնչություն չունեն էլեկտրաէներգիայի սակագների հետ։ «Իշխանությունները դարձել են «Վեոլիա ջուր» ընկերության փաստաբանը՝ ասելով, թե նրանց ցանցը վատն է, որ նրանց շատ բաժանորդներ են միանում, և ուղղակիորեն հայտարարում են, որ Կառավարությունն իր պարտավորությունները չի կատարել։ Եթե Կառավարությունը չի կարողացել կատարել իր պարտավորությունները «Վեոլիա ջուր» ընկերության մասով, ապա ո՞վ է ասել, որ Կառավարությունը կկարողանա կատարել իր պարտավորությունները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասով», - եզրափակել է նա։





























