Հայ-թուրքական արձանագրություններում տեղ գտած կետերը կյանքի կոչելուց հետո միայն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ կստորագրվի։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիուսում կարծիք հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ որոշակիորեն կարելի է խոսել, թե ինչ հարցերի շուրջ են բանակցում այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները։ «Նախագահ Սարգսյանը „Վեստի“ հաղորդմանը տված հարցազրույցում նշեց, որ խոսքը գնում է ազատագրված տարածքների վերադարձի մասին՝ բացառությամբ Լաչինի միջանցքի»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Լաչինի միջանցքն ու Լաչինի շրջանը դրանք տարբեր տարածքներ ներկայացնող միավորներ են։

Ա. Մարտիրոյանի խոսքով՝ «Ժառանգություն» կուսակցության համար այս դրույթն աընդունելի է։ «Մենք կարծում ենք, որ ազատագրված տարածքները ԼՂ անբաժանելի մասն են, եւ Լեռնային Ղարաբաղի տարածքի սահմանազատման հետ կապված հարցեր իրավասու են քննարկել միայն ԼՂ իշխանությունները»,-ասաց պատգամավորը՝ ավելացնելով, որ առանց ազատագրված տարածքների հնարավոր չէ երկարաժամկետ անվտանգություն հաստատել Լեռնային Ղարաբաղում։ Ըստ նրա՝ ազատագրված տարածքները, որպես անվտանգության բնական միջոց, պետք է մնան Լեռնային Ղարաբաղի տարածքում։