Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կատակել է, որ Բրյուսելը կցանկանար հաղթել Ռուսաստանին մարտադաշտում, եւ կասկածել է, որ այն, ինչ չի հաջողվել Նապոլեոնին եւ Հիտլերին, կհաջողվի եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին։
«Բրյուսելը ցանկանում է հաղթել Ռուսաստանին մարտադաշտում... Նապոլեոնը եւ Հիտլերը փորձեցին անել դա, բայց չկարողացան, դե, այդ դեպքում, հավանաբար, Կայա Կալասը կկարողանա։ Այնպես որ, ուզում եմ ասել, որ դա սխալ, ոչ ճիշտ քաղաքական ռազմավարություն է՝ մարդկային զոհերի ահավոր քանակությամբ»,- ասել է Օրբանը՝ ելույթ ունենալով Բեկեշչաբում, նախընտրական միջոցառման ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է М1 հեռուստաալիքը։
Հունգարիայի վարչապետն ընդգծել է, որ սխալ է համարում ԵՄ եւ, մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ռազմավարությունը, որը կառուցվում է այն բանի վրա, որ «Ռուսաստանի տնտեսությունը չի դիմանա»։
«Ես կարծում եմ, որ դա սխալ է, եւ նա, ով կմիանա եվրոպական այդ գաղափարին եւ պլանին, վերջնարդյունքում իր երկիրը փորձանքի կմատնի։ Նրանք կքայքայեն իրենց սեփական երկիրը։ Տնտեսական առումով կփլուզվի ոչ թե Ռուսաստանը, այլ Եվրամիության եւ այն երկրների տնտեսությունները, որոնք կմիանան նրանց»,- նշել է նա։





























