Ակտիվիստները բողոքի ակցիա էին կազմակերպել Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ III-ի եղբոր՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորի տան մոտ՝ Անգլիայի արեւելքում գտնվող Սանդրինգհեմ կալվածքի տարածքում։ Այս մասին տեղեկացրել է Sky News հեռուստաալիքը։
Նշվել է, որ ակցիան կազմակերպել էր Norfolk/Suffolk Hunt Saboteurs բնապահպանական շարժումը։ Ընդվզողների ոչ մեծ խումբը հավաքվել էր թագավորական կալվածքի տարածքի սահմաններից դուրս։ Նրանց մի մասը կրում էր դիմակներ՝ թագավորական ընտանիքի անդամների, այդ թվում Չառլզ III-ի եւ նրա կնոջ՝ Քամիլա թագուհու պատկերներով։ Հեռուստաալիքն ընդգծել է, որ Մաունթբեթեն-Վինձորը երկար ժամանակ զբաղվել է որսորդությամբ, սակայն զենքի իր արտոնագիրը հանձնել է անցած տարի։
Նախկին արքայազն Էնդրյուն տեղափոխվել է Սանդրինգհեմի Wood Farm քոթեջ փետրվարի սկզբին։ Փետրվարի 19-ին նրա ձերբակալությունից հետո ոստիկանությունն այնտեղ խուզարկություն է կատարել։ Մինչ այդ Մաունթբեթեն-Վինձորն ավելի քան 20 տարի ապրել է Royal Lodge նստավայրում, Վինձորի ամրոցի տարածքում։ Խուզարկությունները Վինձորում շարունակվում են արդեն երրորդ օրը։ Սպասվում է, որ դրանք կտեւեն մինչեւ փետրվարի 23-ը։
Մաունթբեթեն-Վինձորը ձերբակալվել է փետրվարի 19-ին՝ իր 66-ամյակի օրը, եւ տարվել է ոստիկանություն՝ հարցաքննության։ Նա կասկածվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ։ Թեմզայի հովտի ոստիկանությունը հետաքննում է այն մեղադրանքները, որ 2001-2011թթ․ Մեծ Բրիտանիայի միջազգային առեւտրի եւ ներդրումների հարցերով հատուկ ներկայացուցիչ եղած ժամանակ նա գաղտնի տեղեկություններ է փոխանցել ամերիկացի ֆինանսիստ, դատապարտված մանկապիզծ Ջեֆրի Էպշտեյնին։ Նախկին արքայազնը հետագայում ազատ է արձակվել առանց մեղադրանքի, եւ հետաքննությունը շարունակվում է։




























