Սպիտակ տունը ձգձգում է  2027 ֆինանսական տարվա (սկսվում է հոկտեմբերի 1-ին) բյուջեի առաջարկների պատրաստումը այդ թվում այն տարաձայնությունների պատճառով, թե ինչպես ծախսել լրացուցիչ մոտ 500 մլրդ դոլարը պաշտպանության համար։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել է The Washington Post թերթը։

Սպիտակ տունը նախատեսում է հաջորդ ֆինանսական տարում պաշտպանական ծախսերը հասցնել ռեկորդային 1,5 տրլն դոլարի՝ 2026թ․ 900 մլրդ դոլարի համեմատ։ ԱՄՆ վարչակազմը պետք է իր առաջարկները ներկայացներ Կոնգրեսին ավելի քան երկու շաբաթ առաջ։ Վեճերը ծավալվում են, մասնավորապես, արդեն սպառազինության մեջ առկա  համակարգերի գնումների ֆինանսավորման եւ նոր, այդ թվում արհեստական բանականության օգտագործմամբ աշխատող տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու միջեւ, նշել է պարբերականը։

Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS, ՌԴ-ում անցանկալի կազմակերպություն) ավագ խորհրդական Մարկ Քանսիանը Սպիտակ տան առջեւ կանգնած խնդիրն անվանել է «գլուխկոտրուկ», քանի որ ծախսերի աճը չի համապատասխանում Ազգային անվտանգության նոր ռազմավարությանը։ Այն ենթադրում է, որ անվտանգության քաղաքականությունում հիմնական շեշտադրումը պետք է արվի Արեւմտյան կիսագնդում, իսկ Եվրոպային, Աֆրիկային եւ Արեւելքին ավելի քիչ ուշադրություն կհատկացվի։ «Եթե դուք բյուջեն ավելացնեք 50 տոկոսով, ապա դուք որեւէ բան անելու կարիք չեք ունենա։ Հակառակը, դուք կքննարկեք ներդրումների նոր ուղղություններ»,- ասել է ՌԾՈւ պաշտոնաթող գնդապետը։

Պաշտպանական ծախսերի կտրուկ ավելացման դեմ հանդես է գալիս Սպիտակ տան Վարչաբյուջետային վարչության տնօրեն Ռասել Վոութը, որը նշում է ԱՄՆ պետպարտքի առանց այդ էլ բարձր մակարդակի վրա բացասական հետեւանքների մասին։ Ինչպես հիշեցնում է թերթը, 2025-2026թթ․ բյուջեի դեֆիցիտը կազմել է 1,8 տրլն դոլար։