E5 խումբը (ստեղծվել է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում 2024թ․ նոյեմբերին ընտրվելուց հետո) կազմող Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի պաշտպանության նախարարները ստորագրել են փոքր, ոչ թանկ անօդաչու թռչող սարքերի եւ դրանց բաղադրիչների համատեղ արտադրության եւ գնման մասին հայտարարություն։ Համաձայնագիրը ձեռք է բերվել ՆԱՏՕ-ի՝ ռուսական օդային սադրանքներից պաշտպանությունն ամրապնդելու ռազմավարության շրջանակում, գրել է Politico-ն։

«E5 խմբի հանդիպման մասնակիցները ստորագրել են պարտավորություն ոչ թանկ դրոնների հարվածային հնարավորությունների զարգացման, համատեղ արտադրության եւ էֆեկտորների [մարտական ​​բեռների] համատեղ ձեռքբերման մասին»,- Կրակովում կայացած հանդիպումից հետո հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ Նա նաեւ նշել է, որ LEAP (Low-Cost Effectors and Autonomous Platforms) նախաձեռնությունը կհիմնվի ռուսական օդային հարձակումները հետ մղելու Ուկրաինայի փորձի վրա։ «Արհեստական ​​բանականության ներդրումը անօդաչու համակարգերում ուրվագծված է մեր հռչակագրում»։ «Մենք խոսում ենք ամբողջական համակարգերի, այլ ոչ թե առանձին հարթակների մասին»,- հայտնել է նախարարը։ Ծրագրի նպատակն է արդյունավետ արձագանք ապահովել Եվրոպայի օդային տարածքի խախտումների աճող թվին։

2025թ․ ՆԱՏՕ տարածք մի շարք օդային ներխուժումներ տեղի ունեցան՝ սկսած Էստոնիայում ռուսական կործանիչներից մինչեւ Լեհաստանի օդային տարածք մտած տասնյակ անօդաչու թռչող սարքերի խումբը։ Չնայած ՆԱՏՕ-ն չեզոքացրեց սպառնալիքները, նրա հրամանատարությունը քննադատության ենթարկվեց այն բանի համար, որ մարտի ուղարկեց բազմամիլիոն դոլարներ արժեցող կործանիչներ, որոնք խոցեցին հազար դոլար արժողությամբ անօդաչուներ։

Մարտահրավերն այն է, որ «[սովորենք] արդյունավետորեն խոցել համեմատաբար էժան հրթիռները, անօդաչու թռչող սարքերը եւ այլ սպառնալիքները, որոնց մենք բախվում ենք»,-  E5-ի հանդիպումից հետո ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Լյուկ Փոլարդը: «Մենք պետք է ապահովենք, որ սպառնալիքների արժեքը համապատասխանի պաշտպանության արժեքին»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ անօդաչու թռչող սարքերի օգտագործման նախաձեռնությունը ենթադրում է բազմամիլիոն դոլարների նոր ներդրումներ E5-ի անդամ երկրների կողմից:

Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովը, ինչպես նաեւ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայան նույնպես մասնակցել են Կրակովի համաժողովին տեսակապի միջոցով: Անօդաչու թռչող սարքերի ծրագրից բացի, կողմերը քննարկել են Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության մասին հիմնական հարցերը, այդ թվում՝ Ուկրաինային աջակցությունը, զենքի արտադրության եւ արդյունաբերական հնարավորությունների զարգացումը, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը եւ այլն: