Բրիտանիայի թագավոր Չառլզ III-ի եղբոր՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորի ձերբակալության պատճառը, հավանաբար, ոչ թե սեռական ոտնձգությունների մեղադրանքներն են, այլ այն, որ նա գաղտնի կառավարական հաշվետվություններ է տրամադրել ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնին, գրել է The Wall Street Journal-ը (WSJ)։
Ոստիկանության հայտարարության համաձայն՝ իրավապահներն ուսումնասիրում են տեղեկություններն այն մասին, որ նախկին արքայազնը գաղտնի տվյալներ է տարածել, երբ եղել է Միացյալ Թագավորության առեւտրային ներկայացուցիչը։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է 2001-2011թթ․։
Թերթը նշել է, որ ըստ վերջին տվյալների՝ այդ պաշտոնում թագավորի եղբայրը «ջնջել է իր դիվանագիտական դերի եւ անձնական շահերի միջեւ եղած սահմանները»։ Օրինակ՝ 2010թ․ նոյեմբերի վերջին, Հարավարեւելյան Ասիա կատարած ուղեւորությունից հետո, նա Էպշտեյնին ուղարկել է կառավարության օգնականի գաղտնի հաղորդագրությունները Վիետնամ, Սինգապուր, Հոնկոնգ եւ Չինաստանի Շենչժեն քաղաք կատարած այցելությունների մասին։ Ուղեւորությունից առաջ ֆինանսիստը բրիտանական թագավորական ընտանիքին խորհուրդ է տվել, թե ում հետ պետք է հանդիպի Չինաստանում։
Երկու օր առաջ իրավապահ մարմինները ձերբակալել են Մեծ Բրիտանիայի նախկին արքայազն Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորին նրա ծննդյան օրը՝ պաշտոնեական չարաշահման կասկածանքով։ Լրատվամիջոցները տեղեկացրել են, որ դա կապված է Էպշտեյնի գործով նրա դեմ սկսված հետաքննության հետ։ Ձերբակալությունից տասներկու ժամ անց նախկին արքայազնը հեռացել է ոստիկանական բաժանմունքից։




























