Ռուսաստանը հատուկ կտեղեկացնի ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի՝ Ուկրաինա միջուկային զենք փոխանցելու ծրագրի մասին, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է «Коммерсантъ»-ը:
«Ամերիկացիները, իհարկե, կտեղեկացվեն սրա ամենի մասին։ Բայց նրանք արդեն գիտեն. մեկնաբանություններ են արվում բոլոր ալիքներով։ Հուսով եմ՝ ամերիկացիները կհասկանան դա։ Բայց մենք հատուկ կտեղեկացնենք նրանց»,- ասել է Ուշակովը «Россия-1» հեռուստաալիքի եթերում։
Այսօր Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտնել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են Ուկրաինա ուղարկել միջուկային զենքի բաղադրիչներ և տեխնոլոգիաներ։ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ զենքի փոխանցումը Ռուսաստանի համար հիմք կլինի ուկրաինական թիրախների դեմ «ցանկացած, այդ թվում՝ ոչ ռազմավարական միջուկային զենք» օգտագործելու համար։
Ըստ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Ուկրաինայի՝ միջուկային զենքից զերծ կարգավիճակը վերանայման ենթակա չէ. դա երկրի անկախությունը ճանաչելու հիմնական պայմաններից մեկն է։





























