Իրանը մոտ է Չինաստանի հետ հակառազմածովային թևավոր հրթիռներ գնելու գործարքին, այն նույն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները զգալի ռազմածովային ուժեր է տեղակայում Իրանի ափերի մոտ՝ Իսլամական Հանրապետության դեմ հնարավոր հարվածների համար, գրում է Reuters-ը՝ հղում անելով վեց իրազեկ աղբյուրների։

Չինաստանում արտադրված CM-302 հրթիռների մատակարարման գործարքը մոտենում է ավարտին, չնայած մատակարարման ամսաթիվը դեռևս նշանակված չէ, հայտնում են աղբյուրները։ Գերձայնային ցածր և արագ թռող հրթիռներն ունեն մոտավորապես 290 կիլոմետր հեռահարություն և նախատեսված են ռազմանավերի հակաօդային օդային պաշտպանությունից խուսափելու համար, ընդգծում է լրատվամիջոցը։

Դրանց տեղակայումը զգալիորեն կբարձրացնի Իրանի հարվածային հնարավորությունները և սպառնալիք կներկայացնի տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի համար, հայտարարել են սպառաիզնությունների երկու փորձագետներ։ Հրթիռային համակարգեր գնելու շուրջ Չինաստանի հետ բանակցությունները, որոնք սկսվել էին առնվազն երկու տարի առաջ, կտրուկ արագացել են Իսրայելի և Իրանի միջև հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմից հետո, ըստ բանակցություններին ծանոթ վեց անձանց, ներառյալ՝ Իրանի կառավարության կողմից տեղեկացված երեք պաշտոնյաների և անվտանգության երեք պաշտոնյաների։

Ըստ անվտանգության ծառայության երկու պաշտոնյաների՝ անցյալ ամռանը, երբ բանակցությունները մտան եզրափակիչ փուլ, Իրանի բարձրաստիճան զինվորական և կառավարական պաշտոնյաները, նրանց թվում՝ Իրանի պաշտպանության փոխնախարար Մասուդ Օրային, մեկնեցին Չինաստան։

«Եթե Իրանն այս տարածքում նավարկող նավերին հարձակվելու գերձայնային կարողություն ձեռք բերի, իրավիճակը կտրուկ կփոխվի,- ասել է Իսրայելի հետախուզության նախկին սպա և այժմ Իսրայելի Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի Իրանի գծով ավագ հետազոտող Դենի Ցիտրինովիչը։ -Այդ հրթիռները շատ դժվար է որսալ»։

Գործակալությունը չի կարողացել պարզել, թե քանի հրթիռ է ներառված հնարավոր գործարքում, որքան է համաձայնել վճարել Իրանը, կամ արդյոք Չինաստանը կկիրառի համաձայնագիրը ներկա պահին՝ հաշվի առնելով տարածաշրջանում լարվածության աճը։

«Իրանը ռազմական և անվտանգության համաձայնագրեր է կնքել իր դաշնակիցների հետ, և հիմա ճիշտ ժամանակն է օգտվել այդ համաձայնագրերից»,- Reuters-ին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

ՄԱԿ-ում Չինաստանի պատվիրակությունը Reuters-ի մեկնաբանության խնդրանքը փոխանցել է Պեկինի ԱԳՆ-ին։ Արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները չեն արձագանքել մեկնաբանության խնդրանքներին։