Իրանական իշխանությունները մտադիր են այս անգամ լայնածավալ պատասխան տալ ԱՄՆ-ի հարձակմանը, այլ ոչ թե սահմանափակվել նախկինում խորհրդանշական գործողություններով, չորեքշաբթի հաղորդել է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրին։

«Թեհրանի ռեժիմին ծանոթ անձը հայտնել է, որ Իրանը փոխել է ԱՄՆ-ի նկատմամբ իր ռազմական պլանավորումը՝ հիմնականում խորհրդանշական պատասխանից անցնելով դեպի ռազմավարության, որը նպատակ ունի հակամարտության ժամանակ ԱՄՆ ուժերին և ակտիվներին նյութական վնաս հասցնել»,- գրում է պարբերականը։

Աղբյուրն ընդգծել է, որ այս անգամ «կռիվ-կռիվ խաղեր» չեն լինի, ինչպես 2020 և 2025 թվականներին ամերիկյան բազաների վրա հարվածները, որոնք նախապես հայտարարվել էին լայնածավալ հակամարտությունից խուսափելու համար։ Նա նշել է, որ Իրանը կհարձակվի իր զենքի հասանելիության սահմաններում գտնվող ամեն ինչի վրա, ներառյալ՝ Հորմուզի նեղուցում տեղակայված ամերիկյան նավերի և թիրախների վրա։

Միևնույն ժամանակ, նա վստահեցրել է, որ Թեհրանը բախման չի ձգտում և հույս ունի, որ հինգշաբթի Ժնևում նախատեսված Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կհարթեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի հասնելու ճանապարհը։ Աղբյուրը հավելել է, որ Իրանը կարող է չգնալ լարվածության սրացման, եթե ԱՄՆ-ն որոշի «խիստ սահմանափակ հարված հասցնել»։

Ընդսմին, հիշեցնում է պարբերականը, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը: Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, ինչպես սպասվում է, փետրվարի 26-ին Ժնևում բանակցությունների նոր փուլ կանցկացնեն՝ Իրանի միջուկային հարցի լուծման տարբերակները քննարկելու համար։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը դրական է արտահայտվել ԱՄՆ-ի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջիկա բանակցությունների մասին: Սակայն աղբյուրները Axios-ին հայտնել են, որ դիվանագիտական ​​կարգավորման այս փորձը կարող է վերջինը լինել, և եթե այն ձախողվի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է լայնածավալ ամերիկա-իսրայելական գործողություն սկսել Իրանի դեմ։