Ճիշտ չէ արտահայտությունները մանիպուլացված, ձևախեղված բերել ներկայացնել որպես բացարձակ ճշմարտություն։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 26–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե կառավարությունում, ի վերջո, քննարկեցի՞ք, հասկացա՞ք, թե թոշակառուները ինչպես կարող են 10 000-ը ծախսել, որ որոշեցիք 10000-ով ավելացնել թոշակները։

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ավելի նախընտրելի է ոչ թե կենսաթոշակառուների թոշակները 10 հազարով ավելացնել, քանի որ նրանք չգիտեն՝ ինչպես դա ծախսել, այն այդ գումարը հատկացնել նույն կենսաթոշակառուների առողջապահության ապահովագրությանը՝ հաշվի առնելով, որ նրանք, այսպես, թե այնպես, 10 հազարից շատ ավելի շատ են ծախսում առողջության հետ կապված ծախսերի վրա։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյատիվ հայտարարություն է արե՞լ, Թորոսյանն արձագանքեց. «Երբ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մենք կառավարության նիստում ասում ենք, որ կենսաթոշակառուների ծախսերի մի զգալի հատվածը վերաբերում է առողջական ծախսերին՝ դեղորայք, բժշկական այլ ծառայություններ, և մենք այնքան ենք կարևորում նրանց այդ ծախսը և նրանց առողջությունը, որ կենսաթոշակառուներին, 65+ տարեկան մեր քաղաքացիներին ավելացնում ենք ապահովագրության մեջ, նրանց փոխարեն ամեն ամիս վճարելով 10800 դրամ, որը իրենք այնուամենայնիվ օգտագործում եմ այդ ծախսերի վրա, դա բերել ներկայացնել ձեր ասած բառակապակցություններով, առնվազն ազնիվ չէ։ Ես չեմ կարծում, որ մեր որևէ քաղաքացի այլ բան է հասկացել, քան նկատի են ունեցել վարչապետը, և մենք կառավարության նիստերում քննարկելիս»։