Եվրոպայի ամենահարուստ կինը` L`Oreal-ի համասեփականատեր Լիլիան Բետանկուրը լքել է տնօրենների խորհուրդը սեփական ընտանիքի հետ երեք տարվա դատավարությունից հետո: Նա տեղը զիջել է իր 25-ամյա թոռանը` Ժան Վիկտոր Մայերսին:
L`Oreal-ի տնօրենների խորհրդի առաջնորդ եւ գլխավոր տնօրեն Ժան Փոլ Ագոնն ուրախությամբ է ընդունել երիտասարդ Մայերսի նշանակման նորությունը` իր գոհունակությունը հայտնելով ընկերության կառավարման խորհրդում:
Բետանկուր ընտանիքին է պատկանում խոշորագույն L`Oreal օծանելիքա-կոսմետիկական կոնցեռնի բաժնետոմսերի 30%-ը: Անցյալ տարվա հոկտեմբերին Լիլիանը դատարանի որոշմամբ անգործունակ էր հայտարարվել եւ հանձնվել սեփական ընտանիքի խնամքին: Միլիարդատիրուհու մոտ սկսել էր զարգանալ Ալցհեյմերի հիվանդությունը: Նրա ունեցվածքի կառավարումն անցել է դուստր Ֆրանսուազային եւ երկու թոռներին:
Մոր եւ աղջկա միջեւ դատավարությունը տեւել է ավելի քան 3 տարի: Ֆրանսուազան պնդել է, որ մոր շրջապատն օգտագործում է նրան եւ նրա հարստությունը սեփական շահերի համար: Նա պնդել է, որ 89-ամյա գործարար կինն իր երկրպագու-լուսանկարչի վրա ծախսել է ավելի քան մեկ միլիարդ եվրո, գրում է gazeta.ru-ն` հղում անելով The Financial Times-ին:




























