«Ժառանգություն» կուսակցությունը լուրջ անհանգստություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երեք երկրների նախագահների՝ օրերս կատարած համատեղ հայտարարության առնչությամբ, որով, «ըստ էության, գաղտնազերծվեցին Մադրիդյան սկզբունքները և բացահայտվեց դրանց հակահայկական էությունը»: Այս առնչությամբ, «Ժառանգությունն» այսօր իր պահանջները ներկայացրել է Սերժ Սարգսյանին:
«Ժառանգությունը» պահանջում է.
1. այսուհետ բացառել ՀՀ պաշտոնյաների սեպարատ մասնակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող բանակցություններին ցանկացած ձեւաչափով, ուր քննարկվում են բացառապես ԼՂՀ իրավասությանը վերաբերող հարցեր՝ առանց ԼՂՀ օրինական իշխանությունների մասնակցության, առավելեւս' որեւէ փաստաթղթի ստորագրում,
2. անմիջապես սկսել Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման գործընթացը:
«Եթե այս պահանջի իրագործումը Ձեր պաշտոնավարման դեպքում անհնարին եք համարում, ապա պահանջում ենք Ձեզանից հրաժարական տալ' նշանակելով նախագահական ընտրություններ, ինչը հնարավորություն կտա ձեւավորել լեգիտիմ իշխանություն, որը, լինելով պակաս խոցելի արտաքին ճնշումների առումով, առավել արդյունավետորեն կկարողանա իրագործել հայ ազգային-պետական շահերը՝ թե՛ Հայաստանի Հանրապետությունում եւ թե՛ միջազգային ասպարեզում»,-ասված է հայտարարության մեջ: Ընդ որում, «Ժառանգությունն» ակնկալում է Սերժ Սարգսյանի պատասխանը՝ մինչեւ Մոսկվայում հուլիսի 17-ին կայանալիք հանդիպումը:



























