Հայաստանի տարբեր համայնքներում քաղաքացիների կողմից առաջադրվող ծրագրերի իրականացման գործընթացը տարեցտարի ակտիվանում է։ Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների կառավարման բաժնի պետ Լորիս Մուրադյանը։
Նրա խոսքով՝ դեռևս 2024 թվականին մեկնարկած մասնակցային բյուջետավորման ծրագիրը նոր թափ է հավաքում, ինչին նպաստում են նաև Կառավարության կողմից առաջարկված և դրա կատարելագործմանն ուղղված բարեփոխումները։
«Ծրագրի էությունն այն է, որ համայնքի բնակիչները իրենց կողմից առաջարկում են ծրագրեր, դրանք դրվում են քվեարկության։ Հենց բնակիչների կողմից ամենաշատ ձայներ հավաքած ծրագիրն էլ պետությունը ֆինանսավորում է։ Ֆինանսավորման գործընթացում պարտադիր մասնաբաժին պետք է ունենա նաև համայնքը՝ առնվազն 20 տոկոսի չափով», - ասել է Մուրադյանը։
Ինչպես նշել է պաշտոնյան, 2024 թվականին տվյալ ծրագիրն իրականացվել է 4 համայնքում։ Քաղաքացիների կողմից ներկայացվել է 17 նախագիծ-առաջարկ։ Արդյունքում իրականացվել է 8 ծրագիր։ Միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 570 մլն դրամ, որից պետական ֆինանսավորումը՝ 443 մլն դրամ։
«2025 թվականին ծրագիրն արդեն իսկ իրականացվել է 21 համայնքում, առաջարկ-նախագծերի քանակը կազմել է 39, իրականացվել է 31 ծրագիր՝ 1 մլրդ 202 մլն ընդհանուր գումարով, որից 740 մլն դրամը պետության ֆինանսավորումն է», - հայտնել է կառավարության ներկայացուցիչը։
2026 թվականին ծրագիրը կիրականացվի 52 համայնքում։ Այսպիսով, կընդգրկվեն հանրապետության բոլոր մարզերը։
Մուրադյանը նշել է, որ այս տարի համայնքների հիմնական մասում քվեարկությունն արդեն ավարտված է։ Մասնակցությունն ընդ որում բավականին բարձր է եղել։ «190 հազարից ավելի քաղաքացի արդեն իսկ քվեարկել է։ Այնինչ, 2024 թվականին քվեարկությանը մասնակցել էր 7000 քաղաքացի», - հավելել է պաշտոնյան։
Եթե դիտարկենք մինչ օրս ներկայացված և իրականացված ծրագրերը, ակնհայտ կդառնա, որ քաղաքացիները հիմնականում առաջադրել են առաջարկներ՝ կապված հանրային տարածքների բարեկարգման հետ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերել է խաղահրապարակներին և մարզահրապարակներին, մարզական, կրթական, մշակութային ենթակառուցվածքների զարգացմանը, ջրամատակարարմանը և այլն։
Ծրագիրը բարելավելու նպատակով կառավարությունը որոշել է կատարել որոշակի փոփոխություններ։




























