Ի՞նչ կա արված, որ չի արվել նախկինում և արվում է հիմա։ Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխող խմբակցության նկատվող ակտիվությունը։
Լրագրողները, մասնավորապես, նշել են. «Ասում են, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկուսակցական քարոզարշավի քողի տակ, ըստ էության, նախընտրական քարոզչություն է իրականացնում»։
ԱԺ նախագահի խոսքով՝ այսօրվա դրությամբ որևէ նոր բան չի արվում։ «Վարչապետը չի՞ գնացել մարզերով, գյուղերով, որևիցե ձևով հետաքրքրություն չի՞ ստեղծել իր շուրջ համացանցում, ի՞նչ նոր բան է արվում, որն առաջ չի արվել»,- ասել է Սիմոնյանը։
Խորհրդարանի խոսնակի կարծիքով՝ Կառավարության ղեկավարի գործողություններում որևէ անօրինական բան չկա։ Նրան չի անհանգստացնում այն փաստը, որ տվյալ ակտիվությունը սկսել է դրսևորվել նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ։





























